ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հենց որ քաղաքական նոր ուժը կշիռ է ձեռք բերում, սկսում են այն պառակտել»

«Հենց որ քաղաքական նոր ուժը կշիռ է ձեռք բերում, սկսում են այն պառակտել»
11.09.2009 | 00:00

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ»
Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատը վայր դնելուց հետո «Ժառանգության» ներսում հասունացած սկանդալը միանգամից պայթեց` կուսակցությունում վերադասավորումների առիթ հանդիսանալով։ Կուսակցությունից հեռացվեցին Վարդան Խաչատրյանը, Զոյա Թադևոսյանը և Մովսես Արիստակեսյանը։ Խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հրաժարական է տվել, նրան փոխարինել է Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը հրաժարվել է վարչության նախագահի պաշտոնից, վերջինիս փոխարինել է Արմեն Մարտիրոսյանը։ Ստեղծված իրավիճակը փորձեցինք պարզել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության չփոփոխված քարտուղար ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՑ։
-Ի՞նչ է կատարվում «Ժառանգությունում»։
-Կա բոլորովին նոր մշակույթով ուժ, որը, ցավոք, չի հանդուրժում այլ մոտեցում։ Սա կարևորագույն խնդիր է, և հասարակությունն էլ պետք է հասկանա, որ նոր տիպի քաղաքական ուժ դառնալու գործընթացը երկարատև ու ցավագին է։
-Կուսակցությունից հեռացված անդամներն իսկապե՞ս համագործակցել են իշխանության ու այլ ուժերի հետ։
-Հիշեցնեմ, որ ես կուսակցության և վարչության անդամ չեմ։ Այդօրինակ հարցերով պետք է դիմել կուսակցական ղեկավարներին։
-Խմբակցության ղեկավարի փոփոխությունն ինչ-որ կերպ ազդելո՞ւ է «Ժառանգության» խորհրդարանական գործունեության վրա։
-Կարծում եմ, զուտ մարդկային առումով որոշ բաներ հնարավոր է փոփոխվեն։ Այսինքն` անձի տեսակի հետ կապված կարող են փոփոխություններ լինել։ Այն ակտիվությանը, որ Արմեն Մարտիրոսյանը ցուցաբերում էր բանավոր խոսքով, կգումարվի նաև Ստյոպա Սաֆարյանի գրագետ գրավոր ոճը, որին նա փայլուն տիրապետում է։
-Խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելը ենթադրո՞ւմ է, որ Մարտիրոսյանն էլ վայր կդնի պատգամավորի մանդատը։
-Ո՛չ, ամենևին էլ այդպես չէ։
-Նույնը կարելի՞ է ասել Վարդան Խաչատրյանի առնչությամբ։
-Օրենսդրությամբ դա հիանալիորեն կանոնակարգված է, ու կարծում եմ` նման խնդիր չի առաջանա։ Բայց ամեն դեպքում պետք է հետևել զարգացումներին։
-Արդեն իսկ հեռացված անդամները վիրավորական արտահայտություններ են հնչեցնում նախկին կուսակիցների հասցեին։ Ձեր գնահատականը։
-Դա համարում եմ խիստ մերժելի ու չեմ կարծում, որ դա ուժի վկայություն է։
-Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելը պայմանավորված էր ներկուսակցական խնդիրներո՞վ, թե՞ այլ հարցեր էլ կան։
-Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ բավականին ծանրակշիռ պատճառներ` այս իշխանությունների վարած քաղաքականությունը չընդունելու համար։ Իսկ թե ինչքանով է սա շաղկապված ներքին հարցերի հետ, դժվարանում եմ պատասխանել։ Ես նրան գիտեմ որպես սկզբունքային քաղաքական գործչի, և այսօրվա իշխանությունների վարած տարօրինակ քաղաքականությունը լիովին հիմքեր է տալիս նման որոշում կայացնելու։
-Կարելի՞ է ասել, որ կուսակցությունը պառակտման եզրին է։
-Հայկական տարբերակը հետևյալն է. հենց որ քաղաքական նոր ուժը դառնում է ինքնուրույն ու կշիռ է ձեռք բերում, ինչպես «Ժառանգությունը», սկսում են այն պառակտել, քանդել։ Անշուշտ, նման իղձեր ունեցողներ կան, բայց «Ժառանգությունը» հենց այնպես, հեշտությամբ չի տրվի այդ գործընթացին։
-Այս իրավիճակը վերջին շրջանո՞ւմ է հասունացել, թե՞ դրա նախադրյալները վաղուց կային։
-Որպես կանոն, նման իրավիճակ մեկ օրում կամ մեկ ամսում չի ստեղծվում։ Նախկինում ձեռնարկված քայլերը չհանգեցրին այն արդյունքին, որը մեզ համար ցանկալի էր։ Ըստ էության, սա էր պատճառը, որ վարչությունը գնաց նման ճանապարհով։ Ցանկացած կուսակցություն, այդ թվում և` «Ժառանգությունը», որը նման ճանապարհ է անցնում, անհրաժեշտաբար հզորանում է։ Հասարակության օգնությամբ կփորձենք ուժեղացման ճանապարհով գնալ։
-Ժամանակին խորհրդարանում հաճախ էր հնչում, թե «Ժառանգության» որոշ անդամներ համագործակցում են իշխանությունների հետ։ Այսօր կարելի՞ է ասել, որ ճիշտ էին նման ենթադրությունները։
-Ճիշտ հակառակը, այս ամենը խոսում է այն մասին, որ այդ համագործակցությունը չի կայացել։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ